Ծագումով ո՞րտեղից ես

Իմ ընտանեկան տոհմածառում շատ հետաքրքիր, ուժեղ մարդիք կան: Իմ հայրիկի պապիկը՝ #Ղալամքար պապը, համաշխարային պատերազմի մասնակից է եղել ու 9 տարի տուն չի եկել. հետո ծովերում թափառելով՝ Բեռլինից վերջապես գալիս է ու հետո ծնվում է իմ Վաչիկ պապիկն ու իր քույրիկ-եղբայրները: Լալա տատիկիս եղբայրը նույպես շատ ուժեղ, քաջ կռվող Սամվելն է, ով մասնակցել է Ղարաբաղյան կռվին: Դրանից հետո իրեն ասում են #Ադմիրալ_Սամվել: Ես ու նրա թոռնիկ Սամվելը իրար հետ ընկերություն ենք անում: Սուսո տատիկիս կողմից շատ հետաքրքիր պապ կա, ով մեր <<Սասուցի Դավիթ>> էպոսասածներից մեկն է՝ #Մանուկ_Թորոյան և էպոսագրքում կա ինքը: Իսկ Աբրահամ (նրան ես Աբա եմ ասում) պապիկիս քեռին գրող #Մուշեղ_Գալշոյանն է, ով շատ գրքեր է գրել Սասունից էկած բոլոր մարդկանց մասին: Նրա գրքերից ես շատ եմ տեսել Աբայի տանը, ուրիշների տանը և մի հատ էլ մեր տանը կա՝ Մամփրե Արքան:

Ստորև տեղադրում եմ Մ․Գալշոյանից մի հատված <<Մամփրե արքայից>>/բարբառով/

«Մարաթուկ վկա, սուրբ Մաշտոցի գրերն սովորելու Մամփրեի օրն ու ժամանակը նոր-նոր տեղ է հասե»։

-Չէ, ձգուկ, սուրբ Մաշտոցի գրերն հարկ է որ գրվեն կարմիրով։ Ասա ինչո՞ւ, քանզի սուրբ Մաշտոցը գրերն իր սրտից է հանել ի լույս։

— Լռությո՛ւն։

— Համբերե զիմ խոսքն ավարտիմ, ձգուկ, համբերե։ Ուրեմ, սուրբ Մաշտոցի գրեր կարմիր են, քանզի թրծվել են արդար Արեգակով։ Եվ կարմիր են, քանզի սրբազան կռիվների են մասնակից եղել: Իմացա՞ր։

— Ուսուցիչը ե՞ս եմ, թե դու։ Դե գրիր մեծատառ Ա։ Հո չե՞ս մոռացել։

— Չէ, ձգուկ, չէ, մոռանալու բան չէ. ջուխտակ առվակ կողք-կողքի սարից կիջվարեն-կթափվեն պստիկ առվակի մեջ, ու առվակներն ավելի կլցվեն ու ավելի կբարձրանան ու աջակողմյան առվակից պստիկ մեկ առվակ ճոթ կտա դեպ աջ ու քչիկ կերթա ու էլի կդառնա իջվար։ Էս քեզ մեծտառ Ա։ Պատկերն իմ աչաց դեմն է, հըմը…

— Էլ ի՞նչ հըմը, գրիր։

— Մի զարկե, ձգուկ, համբերե, համբերե, քու դալար թևերն են իմ ուսերին, համբերե։

— Ոչ մի համբերել, վատ եմ նշանակում։

— Կխնդրեմ համբերես, ձգուկ, կգրեմ։ Կգրեմ, ձգուկ, հըմը մատիտն է փոքրիկ։ Մատիտն է փոքրիկ, ու իմ մատներն էս պստիկ-պստլիկ մատիտ չեն բռնի։ Քու հորն ասա, թող մեծ ու հաստ մատիտ բերի։ Մեծ ու հաստ ու կարմիր։

— Հիմա գրո՞ւմ ես, թե՞ վատ նշանակեմ։

— Կգրեմ, ձգուկ, կգրեմ։— Եվ Մամփրեն նորից ու երկար թքոտում է մատիտը և, կուրծքն ի վար մեկնված հատակին, լարված սկսում է։— Ըըը՜… էսպես…

— Շատ մի երկարիր։

— Թող երկար էղնի, ձգուկ, մեծտառ է։ Մեծատառ է ու… ու առուն ինչքան երկար, էնքան աղեկ ու էնքան գեղեցիկ ու բարին մեծ։ Աայ՜յ, էսպես։

— Լավ։ Երեք եմ նշանակում։ Կկրկնես, կարգին կսովորես մինչև գամ։ Զանգը տրված է։

Եվ թոռնուհին զանգուլակը ծլնգացնում է պապի գլխին, իսկ Մամփրեն տնքալով ոտքի է ելնում։

Յա՜… Հարևանը, ժպիտը դեմքին, անկյունում նստած է։ Ե՞րբ է հայտնվել: Ինչո՞ւ է եկել և ինչ է ուզում։

— Գրասենյակ չերթա՞նք, Մամփրե։

— Չէ, ջանմ… Գրասենյակ։

/հատված/

— Համբերե,— հերսոտեց Մամփրեն և թոռանը պինդ սեղմեց ծնկների արանքը։— Այբուբենը ես կսովորեցնեմ իմ ձգուկին։


Ա՜յբ, բե՜ն, գի՜մ,
Ե՛լ, Հովակիմ,
Դա՜, ե՜չ, զա՜,
Լծիր եզան։

Վարժապետ Տեր Հարությունը արտասանում էր, և իրենք խմբով կրկնում էին։ Տեր Հարությունը հայոց տառերն էր ասեղնագործում ճերմակ պաստառին, հետն էլ արտասանում այբուբենը, և իրենք խմբով կրկնում էին—

Է՜, ը՜թ, թո՜,
Վե՛ր կաց, Թաթո,
Ժե՜, ինի՜, լյո՜ւն,
Կապիր քո շուն։

Տեր Հարությունը մեծ ու ճերմակ պաստառը կախել էր Տիրամոր նկարի կողքին և վառ կարմիրով հյուսում էր տառերը։ Հայոց տառերը կարմիր են, բացատրում էր Տեր Հարությունը, քանզի սուրբ Մաշտոցը իր սրտից է հանել ի լույս։ Եվ կարմիր են, քանզի թրծվել են արդար Արեգակով։ Եվ կարմիր են, քանզի սրբազան կռիվների են մասնակից եղել: Եվ ասեղնագործում էր հանդարտիկ, հեռվից ու մոտիկից ուշադիր զննելով, երբեմն այնպես վերացած, որ իրենց թվում էր, թե հայոց տառերը նոր-նոր հորինվում են, և Տեր Հարությունն է ստեղծողը։ Օրը՝ մեկ տառ։ Եվ օրեր շարունակ իրենք կրկնում, հա կրկնում ու սերտում էին այբուբենը—

Խե՜, ծա՜, կե՜ն,
Ո՞ւր է Հակեն։
Հո՜, ձա, ղա՜տ,
Միհրան, Միհրդատ։
Ճե՜ն, մե՜ն, հի՜,
Կգանք հիմի։

Գյուղում բոլորը գիտեին, որ Տեր Հարությունը ճերմակ պաստառին կարմիր տառեր է ասեղնագործում և, որպես թե ի հիշատակ մշեցի այն ուսուցչի, որին սուլթանը, ասում են, կախաղան է հանել։ Մահապարտ այդ ուսուցիչն է հայոց այբուբենր հանգավորել այսպես,— Ա՜յբ, բե՜մ, գի՜մ, Ե՛լ Հովակիմ,— ներդաշնակել այնպես, որ երեխաները շուտ սովորեն այբուբենը և բոլորովին չմոռանան —

Նո՜ւ, շա՜, ո՜,
Պրծի, Շավո,
Չա՜, պե՜, ջե՜,
Ուշ է, Վաչե:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *