Մայրը․ թեստ 11

Մի  գարնան  իրիկուն  դռանը  նստած  զրույց  էինք  անում,  երբ  այս  դեպքը  պատահեց։  Էս  դեպքից  հետո  ես  չեմ  մոռանում  էն  գարնան  իրիկունը:

Ծիծեռնակը  բույն  էր  շինել  մեր  սրահի  օճորքում։  Ամեն  տարի  աշնանը  գնում  էր,  գարնանը  ետ  գալի,  ու  նրա  բունը  միշտ  կպած  էր  մեր  սրահի  օճորքին:

Ե՛վ  գարունն  էր  բացվում,  և՛  մեր  սրտերն  էին  բացվում,  հենց  որ  նա  իր  զվարթ  ճիչով  հայտնվում  էր  մեր  գյուղում  ու  մեր  կտուրի  տակ:

Եվ  ի՜նչ  քաղցր  էր,  երբ  առավոտները  նա  ծլվլում  էր  մեր  երդիկին  կամ  երբ  իրիկնապահերին  իր  ընկերների  հետ  շարժվում  էին  մի  երկար  ձողի  վրա ու ,,կարդում  իրիկնաժամը,,:

Եվ  ահա  նորից  գարնան  հետ  վերադարձել  էր  իր  բունը։  Ձու  էր  ածել,  ճուտ  էր  հանել  ու  ամբողջ  օրը  ուրախ  ճչալով  թռչում,  կերակուր  էր  բերում  իր  ճուտերին:

Էն  իրիկունն  էլ,  որ  ասում  եմ,  եկավ,  կտցում  կերակուր  բերավ  ճուտերի  համար։  Ճուտերը  ծվծվալով  բնից  դուրս  հանեցին  դեղին  կտուցները:

Էդ  ժամանակ,  ինչպես  եղավ,  նրանցից  մինը,  գուցե  ամենից  անզգուշը  կամ  ամենից  սովածը,  շտապեց,  ավելի  դուրս  ձգվեց  բնից  ու  ընկավ  ներքև:

Մայրը  ճչաց  ու  ցած  թռավ  ճուտի  ետևից։  Բայց  հենց  էդ  վայրկյանին,  որտեղից  որ  է,  դուրս  պրծավ  մեր  կատուն,  վեր  թռցրեց  փոքրիկ  ճուտը:

—  Փի՛շտ,  փի՛շտ,  —  վեր  թռանք  ամենքս,  իսկ  ծիծեռնակը  սուր  ծղրտալով  ընկավ  կատվի  ետևից՝  նրա  շուրջը  թրթռալով  կտցահարելով,  բայց  չեղավ։  Կատուն  փախավ  մտավ  ամբարի  տակը։  Եվ  այս  ամենն  այնպես  արագ  կատարվեց,  որ  անկարելի  էր  մի  բան  անել:

Ծիծեռնակը  դեռ  ծղրտալով  պտտում  էր  ամբարի  շուրջը,  իսկ  մենք՝  երեխաներս,  մի-մի  փայտ  առած  պտտում  էինք  ամբարի  տակը,  մինչև  կատուն  դուրս  եկավ  ու  փախավ  դեպի  մարագը,  դունչը  լիզելով:

Ծիծեռնակը  դատարկ  կատվին  որ  տեսավ,  մի  զիլ  ծղրտաց  ու  թռավ,  իջավ  դիմացի  ծառի  ճյուղին։  Այնտեղ  լուռ  վեր  եկավ։  Մին  էլ  տեսանք՝  հանկարծ  ցած  ընկավ  մի  քարի  կտորի  նման։  Վազեցինք,  տեսանք՝  մեռած,  ընկած  է  ծառի  տակին:

Մի  գարնան  իրիկուն  էր,  որ  այս  դեպքը  պատահեց։  Շատ  տարիներ  են  անցել,  բայց  ես  չեմ  մոռանում  այն  գարնան  իրիկունը,  երբ  ես  առաջին  անգամ  իմացա,  որ  ծիծեռնակի  մայրն  էլ  մայր  է,  ու  սիրտն  էլ  սիրտ  է,  ինչպես  մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝

լրացնելով բաց թողած տառերը:

Զվարթ
քաղցր
վերադարձ
իջավ

2. Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը.

ա/ծիծաղելով

բ/թռչկոտելով

գ/ճչալով /ճիշտ պատասխան/

դ/մկկալով

3. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը̀ դիմացը գրելով դրանց հոմանիշները (իմաստով մոտ բառեր):

դեպք-առիթ, եղելություն, պատահար

ուրախ-խնդուն, ծիծաղկոտ

վայրկյան-պահ,

զիլ-բարձր, սուր

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/իրիկնապահ-բարդ

բ/անզգույշ-ածանցավոր

գ/փոքրիկ-պարզ /սխալ պատասխան/-ածանցավոր

դ/այնտեղ-բարդ

5. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով չորս գոյական և դարձրու՛ հոգնակի:
ծիծեռնակ-ծիծեռնակներ

սրահ-սրահներ

կատու-կատուներ

ծառ-ծառեր

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

ա/վազեցինք-գոյական /սխալ պատասխան/

բ/երկար- ածական

գ/կտուց-գոյական

դ/դեղին-ածական

7. Գտի՛ր տրված նախադասության մեջ գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը։

Մայրը ճչալով թռավ ներքև ընկած ճտի ետևից:

մայրը-գործողղություն կատարող

ճչալով թռավ-կատարած գործողությունը

8. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած կետադրական նշան: Լրացրո՛ւ:

Մի  գարնան  իրիկուն  էր,  որ  այս  դեպքը  պատահեց։ 


9. Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

Շատ  տարիներ  են  անցել,  բայց  ես  չեմ  մոռանում  այն  գարնան  իրիկունը,  երբ  ես  առաջին  անգամ  իմացա,  որ  ծիծեռնակի  մայրն  էլ  մայր  է,  ու  սիրտն  էլ  սիրտ  է,  ինչպես  մերը:

10. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:

բույն շինեն, ձագուկներին կերակրեն, իրիկնաժամին երգեն

11.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

բ/ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ամենից անզգույշը կամ ամենից սովածը / ճիշտ պատասխան/

12.Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

բ/հանգիստ նստեց ծառի ճյուղին

գ/քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից /ճիշտ պատասխան/

դ/ծլվլում էր երդիկին

13. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

Երեխաները չկարողացան փրկել ձագին, քանի որ այնքան արագ ստացվեց պատահարը, նույն պահին եղավ ընկնելն ու կատվի տանելը։

Սխալ արձագանք

  • Փորձիր հեքիաթը կարդալ երկու երկու ձայնով՝ մի դեպքում լինելով հեքիաթի հերոս, մյուսում՝ արձագանք։ Կարդացածդ ձայնագրիր, բլոգում հրապարակիր։
  • Փորձեք պատմությունը վերապատմել, բայց հարցերն այնպես ձևակերպեք, որ արձագանքի պատասխանները ճիշտ լինեն։
  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։
  • Հեքիաթի օրինակով մտածիր այնպիսի 5 հարցական նախադասություն, որ արձագանքի դրանց տրված պատասխանները ծիծաղելի լինեն։
  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  • Պատմի՛ր, արձագանքը որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․